30 սեպտեմբերի դրությամբ Ամերիաբանկի կորպորատիվ բիզնեսի վարկային պորտֆելը կազմել է 943 մլրդ դրամ՝ ցուցաբերելով տարեկան աճի շուրջ 33% տեմպ։ Այս աճի շնորհիվ Բանկը շարունակում է զբաղեցնել Հայաստանի ամենախոշոր կորպորատիվ ֆինանսավորողի դիրքը՝ առաջարկելով անհատականացված ֆինանսական լուծումներ՝ հիմնված հաճախորդների կարիքների խորքային ուսումնասիրության վրա։
Հատկանշական է, որ արդեն 31 հոկտեմբերի դրությամբ Բանկի կորպորատիվ պարտավորությունների համախառն պորտֆելը՝ ներառյալ լիզինգը, ֆակտորինգը, բանկային երաշխիքներն ու ակրեդիտիվները, գերազանցել է 1 տրիլիոն դրամը։ Այս ցուցանիշը բացառիկ է Հայաստանի բանկային համակարգի համար։
Ամերիաբանկի կորպորատիվ վարկային պորտֆելը դիվերսիֆիկացված է և ընդգրկում է տնտեսության հիմնական ճյուղերը՝ շինարարություն, գյուղատնտեսություն, մեծածախ և մանրածախ առևտուր, հանքարդյունաբերություն, էներգետիկա, հեռահաղորդակցություն և կապ, կեցություն և հանրային սնունդ, ծառայություններ և այլն։
«Մենք բարձր ենք գնահատում մեր հաճախորդների հետ երկարաժամկետ համագործակցությունը և ներդնում ենք բոլոր ջանքերը՝ ապահովելու վերջիններիս դրական փորձառությունը համագործակցության բոլոր փուլերում։ Մեկ տրիլիոնի շեմի հատումը մեզ համար ոչ միայն նոր բարձունքի նվաճում է, այլև պարտավորեցնող արդյունք՝ շարունակելու աջակցել հայկական բիզնեսի կայուն աճին և տնտեսության զարգացմանը՝ առաջարկելով ֆինանսավորման նորարար լուծումներ»,-նշել է Ամերիաբանկի Կորպորատիվ և ներդրումային բանկինգի գծով տնօրեն Գագիկ Սահակյանը։
Ամերիաբանկը ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար հաստատություն է, որը շարունակաբար ներդնում է շուկայում եզակի պրոդուկտներ, ծառայություններ և նորարարական հարթակներ՝ համապատասխանելու մարդկանց ֆինանսական և ոչ ֆինանսական կարիքներին։ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։