Որպես Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի պաշտոնական ներկայացուցիչ և պաշտպան՝ ստիպված եմ հակազդել վերջին օրերին հանրությանը հասած կեղծ և իրականությանը չհամապատասխանող տեղեկատվությանը։
Վահագն Ալեքսանյանի կողմից հրապարակված հայտարարությունում, որը վերաբերում է Արշակ սրբազանի շուրջ ընթացող իրադարձություններին, կատարվել են բացահայտ սուտ և կեղծիքներ, որոնք ուղղակիորեն վնասում են մեր հայրենիքի հոգևոր և ազգային միասնությանը։
Ամենաակնհայտ կեղծիքն այն պնդումն է, թե իբրև փորձաքննությամբ հաստատվել է, որ Արշակ արքեպիսկոպոսին վերագրվող տեսագրությունը չի ստեղծվել արհեստական բանականության կամ որևէ այլ տեխնոլոգիական միջոցով։ Սա բացահայտ սուտ է։
Պաշտոնապես հայտարարում եմ, որ մինչ այս պահը չկա որևէ փորձագիտական եզրակացություն, որը կարող էր հերքել տվյալ տեսագրության կեղծ լինելը։ Այսպես կոչված «փորձաքննությունը» իրականում հանդիսանում է հայտնի կես էջանոց փաստաթուղթ, որտեղ փորձագետը նշել է բացառապես մի բան․ «կարելի է եզրակացնել, որ լուսանկարներում պատկերված է միևնույն անձը»։ Այսինքն՝ այս «փորձաքննությունը» վերաբերում է բացառապես տեսագրությունից հանված կադրի համեմատությանը Արշակ սրբազանի լուսանկարներից մեկի հետ, ոչ թե ինքնին տեսագրության իսկ կեղծ լինելու հարցին։
Ավելին, քննիչը փորձաքննություն նշանակելիս անգամ չի տվել փորձագետին հարց, թե արդյոք տեսագրությունը կեղծված չէ։ Այսպիսով, հրապարակված տեղեկատվությունը ոչ միայն սխալ է, այլև կեղծիքի կառուցվածքով։
Այս իրավիճակը ցույց է տալիս, թե ինչպես են որոշ անձինք, օգտվելով իրենց պաշտոնական դիրքերից, փորձում, թեև անհաջող, ապակայունացնել մեր հայրենիքի հոգևոր կառույցները և սերմանել թշնամանք հայ ժողովրդի մեջ։ Այս գործողությունները, որոնք ներառում են նաև գաղտնալսումների օգտագործումը և դրանցից պատառիկների կցումը քրեական գործերին, խիստ խախտում են օրինականությունը և ազգային ինքնությունն ու միասնությունը։
Այս հայտարարությունը հրապարակվում է իմ անունից՝ որպես Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի պաշտպան՝ ճշմարտությունը պաշտպանելու և հանրությանը տեղեկացնելու նպատակով։