Հայաստանում նկատվում է նոր «հանրային դաշինքի» ձևավորման միտում, որը վերջին օրերին դարձել է ավելի ցայտուն։ Սա հանրային դաշինք է, որը կառուցվում է ոչ թե ցուցակների, մանդատների կամ ղեկավարների շուրջ, այլ՝ ներքին համոզմունքների և ընդհանուր պատկերացումների հիման վրա։ Եվ հենց այս դաշինքն է ունակ փոխելու մթնոլորտը և խափանելու այն սցենարները, որոնք գրվում են տարբեր անառողջ կաբինետներում։
Այս դաշինքը չի պահանջում ո՛չ ստորագրություն, ո՛չ ֆինանսական ներդրում, ո՛չ էլ դրսից աջակցություն։ Այն տասնյակ հազարավոր մարդկանց համոզմունքների միավորումն է՝ մարդկանց, որոնք հասկանում են, թե ինչ է կատարվում մեր երկրում։
Մենք, որպես պետություն և որպես ազգ, գնում ենք ինքնաչեղարկման։ Գիտակից մարդկանց դաշինքի նպատակն է սա թույլ չտալ։ Դրա անգրավելի կարգախոսն էլ շատ պարզ է․ ո՞նց ենք մենք ապրելու, ո՞նց են մեր երեխաները ապրելու այս երկրում։
Իմ խորին համոզմամբ (և ես վստահ եմ՝ շատերի), Հայաստանի ներկայիս վիճակը նույնքան խորն է, որ հատվածային վերականգնումներն այլևս բավարար չեն։ Ճիշտ ուղին այս մասին ազնվորեն խոսելն է։ Շատ բաներ, և առաջին հերթին՝ մեր ներքին արժեքները և համակեցության կանոնները, զրոյից պետք է մշակվեն։
Մարդկային ռեսուրսներ մենք հաստատ ունենք։ Տասնյակ հազարավոր զուսպ, կարգին մարդիկ՝ բոլոր ոլորտների լավ մասնագետներ, փայլուն հոգևորականներ, կարգին բանտարկվածներ։ Եվ սա ստեղծում է պայքարի նոր բովանդակություն։
Այս անարժանապատվության ՁԻԱՎ-ից պետք է դուրս գալ։ Այս մթնոլորտում ապրելը հնարավոր չէ։ Մեզ արդեն հոգնեցրել են իրենց փողի հինունոր գերիները, մեր հոգիները թալանողները, անհայրենիքները, անարժանապատվությունն ու անասնականությունը որպես նորմալ կենսամիջավայր ընդունողները։
Մեզ ուզում են համոզել, որ մենք հենց սա ենք՝ անունակ որոճողներ։ Բայց իրականությունը շատ ավելի բարդ է։
Ի վերջո, կան տասնյակ հազարավոր ընտանիքներ, որոնք սա չեն հանդուրժում, կան հարյուրավոր սկզբունքային գործիչներ, ի վերջո՝ կա Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի, Դավիթ Իշխանյանի և այլոց օրինակը, ովքեր գիտակցաբար գնացին ինքնազոհողության։ Կա Ռուբեն Վարդանյանի օրինակը, որը սրանցից բոլորից շատ փող ուներ, բայց ուներ գաղափարներ և չդարձավ փողի գերին։ Կա փայլուն (հետապնդվող) հոգևորականության օրինակը։
Տասնյակ հազարավոր ընտանիքների միավորող լուրջ բաներ կան, անսասան սկզբունքներ, արժեքներ։ Սա է հաջողության, վերածննդի պոտենցիալը։ Իսկ կոնֆորմիստների քանակից պետք չէ վախենալ. նրանք միշտ անմռունչ գնում են ուժի կողմը։ Ուրեմն պետք է ուժեղանալ։