Հալեպում շարունակվող բախումների հետևանքով վնասվել են հայաբնակ շրջաններ

Հալեպում քրդերի գլխավորած Սիրիայի դեմոկրատական ուժերի (ՍԴՈւ) և սիրիական բանակի միջև ընթացող բախումների և ռմբակոծության հետևանքով Շեյխ Թահա և Վիլլաներ հայաբնակ շրջաններում նյութական վնասներ են արձանագրվել։ Բախումների հետևանքով վիրավորներ չկան։

Ինչպես հայտնի է, հունվարի 6-ին քաղաքում սկսվել են ծանր բախումներ, որոնք հանգեցրել են քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի և լայնածավալ նյութական վնասների։ Բախումները շարունակվում են նաև այսօր, և նյութական վնասներ են կրել մի շարք վարչական շենքեր։

Հալեպի «Գանձասար» թերթի համաձայն՝ «Վիրավորներ չկան, վնասները միայն նյութական են»։ Քաղաքում ներկայումս տիրում է զգուշավոր հանդարտություն, սակայն մերթընդմերթ լսվում են պայթյունների ձայներ։

Բերիո թեմի ազգային վարչության ատենապետ և խոսնակ Ժիրայր Ռեիսյանը նշել է, որ իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Նրա խոսքով՝ հունվարի 7-ին Աշրաֆիե և Շեյխ Մակսուդ թաղամասերում սպասվում էին ծանր բախումներ, սակայն մինչև երեկո բախումները չեն զարգացել, մերթընդմերթ լսվում էին պայթյունների ձայներ։

Հալեպի հայկական համայնքի համար պատրաստված են հատուկ ապաստաններ։ Ռեիսյանը հավելել է, որ Հալեպի մի շարք մզկիթների և այլ հաստատությունների սրահներ պատրաստվել են՝ որպես ապաստան բնակիչներին տրամադրելու նպատակով։ Նա ընդգծել է, որ Նոր Գյուղի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու ներքնասրահը նույնպես պատրաստվել է, որպեսզի հարկ եղած դեպքում տրամադրվի հայ ընտանիքների։

Համայնքը հսկայում է իրավիճակը։ «Հալեպահայությանը հեռախոսահամարներ են փոխանցվել ցանկացած դժվարության կամ կարիքի դեպքում օգնություն ապահովելու համար։ Սիրիայի օգնության խաչ բժշկական կենտրոնը շարունակում է բաց մնալ՝ բժշկական օգնություն տրամադրելու նպատակով»,- նշել է Ռեիսյանը։

Քրդական ուժերի և իշխանությունների միջև ընթացող վերջին բանակցություններն, ըստ էության, արդյունք չգրանցեցին, ինչի արդյունքում քրդական կողմը դիմել է ռազմական գործողությունների։