Հակաեկեղեցական հրոսակախումբը կրկին ներխուժեց Մայր Աթոռ

Դեկտեմբերի 18-ին հակաեկեղեցական հրոսակախումբը, որը հայտնի է իր տխրահռչակ պարագլխի բացահայտ հովանավորությամբ, կրկին ներխուժեց Մայր Աթոռ՝ փորձելով ասպատակել մեր նվիրական սրբավայրը։ Այս մասին հայտարարություն են տարածել ԱԱԾ մեկուսարանում գտնվող Բագրատ և Արշակ սրբազանները։

Արշավորդների շարքերում տեսնելով իրենց ճակատին որպես աղվեսադրոշմ դաջած դեռևս բարձրաստիճան հոգևորականներին, որոնք ոստիկանական շարքերի հետևում էին ծվարել՝ շփոթված և շվարած հայացքներով, ակնհայտ է դառնում, որ նրանք ևս հասկանում են, որ ընտրել են ինքնաոչնչացման և ինքնաժխտման ճանապարհը։ Նրանք դարձել են խամաճիկ՝ խառնակիչ տիկնիկավարի ձեռքին, որը կարճ ժամանակ հետո իրենց ևս զոհաբերելու է ատելության և թշնամության իր արյունածարավ կուռքին։

Մայր տաճարի պատերը շատ ասպատակողների են տեսել՝ բոլորն էլ փոշիացել են։ Այս առումով դեկտեմբերի 18-ը կմնա մեր նորագույն պատմության խայտառակ ու ամոթալի էջերից մեկը։

Այս ամոթալի պատկերի դիմաց առանձնակի հիացմունքով ենք անդրադառնում մեր ուխտապահ եկեղեցականներին և հավատացյալ ժողովրդի խիզախ կեցվածքին, որը ևս մեկ անգամ փաստեց, որ հայ մարդու մեջ չի կարող սպանվել ինքնության զգացումը՝ անկախ հալածանքների սաստկությունից։

Մեր և կալանավորված մեր մյուս հոգևոր եղբայրների՝ Միքայել և Մկրտիչ սրբազանների անունից, մեր հավատարմությունն ենք հայտնում Ամենայն Հայոց Հայրապետին և Լուսավորչի գահին, և մեր զորակցությունը զինվորյալ և նվիրյալ հոգևոր դասին և ժողովրդին։ Առանձնակի ջերմությամբ աղոթում ենք Տեր Վրթանես քհն․ Բաղալյանի շուտափույթ ապաքինման համար։

Թող մեր տերը անխախտ ու անսասան պահի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, մեր համբուրելի և խոցված հայրենիքն ու ժողովրդին, որպեսզի մեր կյանքից մեկնի մեգը, մերժվի մառախուղը, վերանա մութը, չքանա չարիքը, հալածվեն հուսահատությունները և թագավորի Տիրոջ ամենակարող ձեռքը։

Իսկական գենետիկայով հայը հաղթելու է։

Ժողովականներն իրենց գնահատանքը հայտնեցին հավատավոր ժողովրդին՝ դրսևորած զգոնության, եկեղեցանվիրումի և հավատարմության համար, հակառակ կազմակերպված խժդժությունների։