Հակակոռուպցիոն կոմիտեն հարուցել է վարույթ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի գործով

ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեն դատարանի պարտադրանքով հարուցել է քրեական վարույթ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի առերեւույթ կոռուպցիոն գործարքների վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է «Ժողովուրդ» օրաթերթը։

Վարույթը սկսվել է այն բանից հետո, երբ 2024 թվականի դեկտեմբերի 4-ին փաստաբան Արա Զոհրաբյանը, որը ներկայացնում է նախաձեռնող խումբ, Գլխավոր դատախազություն էր ներկայացրել հաղորդում հանցագործության մասին։ Իրավապահ մարմինները սկզբում հրաժարվել էին վարույթի շրջանակում քննել այդ հաղորդումը, սակայն փաստաբան Արա Զոհրաբյանը դիմել է դատարան, որը պարտադրել է հարուցել վարույթը։

Հաղորդման մեջ ներկայացված են մի քանի էպիզոդներ, որոնք, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի, հիմք են հանդիսանում վարույթի համար։

1. Անտոկոս փոխառություն և «Կարիտաս Իտալիանա» ՓԲԸ-ի գործարք։ 2021 թվականին Վահե Հովհաննիսյանը հայտնել է, որ ստացել է 1 մլն ԱՄՆ դոլար անտոկոս փոխառություն, ինչից հետո ձեռք է բերել «Կարիտաս Իտալիանա» ՓԲԸ-ն՝ 1.050.000 դոլարով։

2. «Ջի Կոդեր» ՍՊԸ-ի գործարքներ։ Ընկերությունը վերակազմավորվելուց հետո բաժնեմասերը վաճառվել են նախարարի հարազատին։ 2023 թվականին այդ նույն «Ջի Կոդեր» ՍՊԸ-ին Կառավարությունը տրամադրել է 1,8 մլրդ դրամի ներմուծման մաքսատուրքի արտոնություն, որի արդյունքում ազատվել է 118 մլն դրամի մաքսատուրքից։ Նույն տարվա դրությամբ Հովհաննիսյանը ընկերության նկատմամբ ունեցել է 52.614.000 դրամի փոխառության պահանջի իրավունք։

3. Հյուրատան վարձակալություն առանց մրցույթի։ Նախարարին պատկանող հյուրատունը վարձակալության է տրվել «Վարդենի» ՍՊԸ-ին, որին մեկ միլիոն դրամից բարձր գումար է վճարվել ֆինանսների նախարարության աշխատակիցների համար խաղ-վարժանքների կազմակերպման նպատակով։ «Վարդենի» ՍՊԸ-ն 2019 թվականին հիմնադրվել է հենց Վահե Հովհաննիսյանի կողմից և հետագայում փոխանցվել է նրա ընկերոջը։

4. Հայտարարագրերի անհամապատասխանություններ։ Ըստ հաղորդման՝ վերջին երեք տարիների հայտարարագրերում կան էական շեղումներ, այդ թվում՝ 2006 թվականին 25 մլն դրամով վաճառված «Տոյոտա» ավտոմեքենայի նշումը։

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել, որ արդեն հարցաքննության են հրավիրվել Հովհաննիսյանի մտերիմ մարդիկ, սակայն նախարարին՝ դեռ ոչ։ Հարց է առաջանում, թե արդյոք Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար Արթուր Նահապետյանը «կհասնի՞» նախարարին, թե՞ սահմանափակվելու է շրջապատի հարցաքննությամբ՝ գործը հերթական անգամ «քնեցնելով»։