ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն սկսել է ստուգում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի կողմից Առինջում գնված շքեղ առանձնատան գործարքի շուրջ։
Ստուգման նպատակն է պարզել, արդյոք գործարքի պայմանագրային արժեքի՝ 54 մլն դրամի սահմանումը կատարվել է հնարավոր արտոնությունից օգտվելու կամ գնի մանիպուլյացիայի նպատակով, թե՞ խոսքը սովորական շուկայական գործարքի մասին է։
Հիշեցնենք, որ հետաքննող լրագրողների հրապարակումներում նշվում էր, որ Կոնջորյանը և իր կինը 2024 թվականի հուլիսին ձեռք են բերել Առինջում գտնվող առանձնատուն։ Գործարքի պայմանագրային արժեքը հայտարարագրում ներկայացվել էր 54 մլն դրամ, որը կատարվել էր հիպոթեքային վարկի միջոցով։ Ըստ «Հետք» լրատվականի հաշվարկների՝ նույն կառուցապատողի հայտարարած գներով նման գույքի արժեքը կարող է հասնել մինչև 75.6 մլն դրամի, ինչը նշանակում է, որ գործարքի արժեքը մոտ 21.6 մլն դրամով ցածր է։
Հրապարակումներում նաև նշվում էր, որ 54 մլն դրամի գինը պատահական չէ, քանի որ այն գտնվում է 55 մլն դրամի շեմի մոտ, որը թույլ է տալիս օգտվել եկամտահարկի վերադարձի գործող մեխանիզմից։ Այսպիսով, ստեղծվում է տպավորություն, թե տան գինը հարմարացրել են այնպես, որ Կոնջորյանը կարողանա շքեղ առանձնատուն ձեռք բերել ավելի էժան գնով՝ օգտվելով հարկային արտոնություններից։
Հարցը, թե արդյոք հակակոռուպցիոն կոմիտեն կհամարձակվի ամբողջ ծավալով բացահայտել ՔՊ ղեկավարին առնչվող իրականությունը, թե՞ թեման կմնա անբացահայտ, մնում է բաց։ Կոմիտեն պարտավոր է հրապարակային ներկայացնել, թե ինչ փաստաթղթեր են ստուգվում, ինչ ժամկետներում է սպասվում արդյունքը, և ի՞նչ հիմքերով է սկսվել ստուգումը։ Հակառակ դեպքում, երբ մեղադրյալը իշխանական է, ստուգումները կարող են վերածվել պարզապես քաղաքական լվացքատան։