Իմ վերլուծության համաձայն, որը հիմնված է ոլորտի առաջատար փորձագետների՝ ING Think, Capital Economist և Deloitte ընկերությունների կողմից կատարված հետազոտությունների վրա, 2026 թվականին համաշխարհային տնտեսության համար գլխավոր ռիսկը կապված կլինի «արհեստական բանականության» (ԱԲ) ոլորտի զարգացման հետ։
Ընդհանուր առմամբ, արևմտյան փորձագետները կանխատեսում են, որ գնաճի ճնշումը շատ երկրներում կնվազի, ինչը կարող է ազդել նաև կենտրոնական բանկերի կողմից սահմանված տոկոսադրույքների վրա։ Այսպիսով, 2026 թվականին գնաճի ռիսկերը, որոնք այնքան ակնհայտ էին անցյալ տարի, այս անգամ շատ ավելի թույլ կլինեն։
ԱԲ-ի ազդեցությունը բազմակողմանի է։ Մի կողմից, այն կարող է զգալիորեն բարելավել արտադրողականությունը՝ դրական ազդեցություն ունենալով գնաճի վրա։ Սակայն, կարճաժամկետ հեռանկարում, ԱԲ-ի ենթակառուցվածքներում կատարվող խոշոր ներդրումները կարող են դուրս մղել այլ տնտեսական ոլորտներ, ստեղծելով անհավասարակշռություն։
Ֆինանսների միջազգային ինստիտուտի տվյալներով՝ 2025 թվականի երրորդ եռամսյակում համաշխարհային պարտքը հասել է գրեթե 346 տրիլիոն դոլարի։ Այս ցուցանիշը աճել է ավելի քան 26.4 տրիլիոն դոլարով անցյալ տարվա առաջին երեք եռամսյակների ընթացքում։ Այսպիսով, պարտքի և համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) հարաբերակցությունը կազմել է 310%։
Պարտքի մակարդակը նոր ռեկորդային է հասել ինչպես զարգացած, այնպես էլ զարգացող երկրներում, հիմնականում կառավարությունների փոխառությունների պատճառով։ Որոշ զարգացած երկրներում բարձր պարտքը վկայում է լուրջ պարտքային ճգնաժամի մասին, իսկ զարգացող երկրներում՝ բարձր տոկոսադրույքների, փոխառության ծախսերի աճի և կապիտալի զուտ արտահոսքի մասին։
Բացի ԱԲ-ի և պարտքային ճնշումների ռիսկերից, գոյություն ունեն նաև այլ գլխավոր գործոններ, որոնք կարող են ազդել համաշխարհային տնտեսության վրա։
Միացյալ Նահանգների և Չինաստանի հարաբերությունները: Եթե երկու երկրների միջև լարվածությունը շարունակվի, կարող են սահմանվել ոչ սակագնային արգելքներ, որոնք կազդեն կիսահաղորդչային, ավտոմոբիլային և պաշտպանական ոլորտների վրա՝ բարձրացնելով գները և խթանելով գնաճը։
Նավթի գների անորոշություն: Աշխարհաքաղաքական լարվածության ֆոնին նավթի գների բարձրացումը կարող է դանդաղեցնել համաշխարհային տնտեսական աճը։ Ռուսական նավթի մատակարարումների կրճատումը, ԱՄՆ-ի և Վենեսուելայի միջև հարաբերությունների սրումը և Գազայում հրադադարի փխրունությունը նույնպես ավելացնում են ռիսկերը։
Ամերիկյան աշխատաշուկայի վիճակ: Եթե արտադրողականության ցուցանիշները շարունակեն թուլանալ, սպառողական ծախսերը կարող են նվազել, ինչը կհանգեցնի տնտեսական աճի դանդաղման։
Եվրոպական ճգնաժամ: Եվրոպայի պարտքային խնդիրները, հատկապես Ֆրանսիայի և Իտալիայի դեպքում, և պաշտպանական ծախսերի աճը կարող են սրել տնտեսական ճնշումները։
Չինաստանի անշարժ գույքի շուկայի դանդաղում: Այս ոլորտի անկումը կարող է հանգեցնել տնային տնտեսությունների հարստության անկման և նվազեցնել ներքին պահանջարկը։
Այս գործոնների համադրությունը կարող է ստեղծել անկանխատեսելի ռիսկեր, որոնք կարող են հանգեցնել նոր ֆինանսական ճգնաժամի և նույնիսկ աշխարհի նոր տնտեսական կարգի ձևավորման։