Հայաստանը դեպի երաշխավորված պատերազմ՝ Փաշինյանի քաղաքականության հետևանքով

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը միաժամանակ փորձում է համոզել իր կուսակցականներին, թե հունիսի 7-ի ընտրություններում 65 տոկոս կստանա, և ցուցաբերում է անհանգստություն՝ վախենալով վերահաս պարտությունից։ Նա հերթական անգամ հայ ժողովրդին սպառնում է նոր պատերազմով՝ գրեթե բառացի ասելով, թե եթե իրեն չընտրեն, պատերազմ է լինելու։

Այսպիսի սպառնալիքը, եթե Փաշինյանը իրոք այդքան վստահ է իր 65 տոկոսանոց հաղթանակի նկատմամբ, ապա ինչո՞ւ է խեղճ ժողովրդին պատերազմով սպառնում։ Նման վարքագիծը բավարար է ցույց տալու համար, որ իշխանությունը խիստ անհանգստացած է վերահաս պարտությամբ և փորձում է պատերազմի շանտաժով իրավիճակը փրկել։

Այսպիսի քաղաքականությունը ոչ միայն անհեռատես է, այլև ծավալում է ագրեսիայի սպառնալիքը։ Փաշինյանի անհեռատես ու արկածախնդիր քայլերի պատճառով Հայաստանը արդեն իսկ աչք չի բացում պատերազմներից ու կորուստներից։ Բայց ամենազավեշտալին այն է, որ Ալիևի բարեհաճությանը հանձնվելը, անվերջ զիջելն ու նվաստանալը Նիկոլը համարում է խաղաղություն։ Իրականում ագրեսորին զսպելու այս հանձնվողական քաղաքականությունն է պատերազմով ականապատում Հայաստանի ապագան։

Ալիևի պահանջները Հայաստանից անվերջ են, և Բաքվի բռնապետը բավարարված կլինի միայն այն ժամանակ, երբ Հայաստանը դառնա Արևմտյան Ադրբեջան։ Այդ ռազմավարության մասին բացահայտ հայտարարվում է Բաքվից։ Ալիևը ՔՊ-ական իշխանության ջանքերի շնորհիվ թուլացած, պառակտված ու միայնակ մնացած Հայաստանի նկատմամբ ագրեսիայի չի դիմում այն պատճառով, որ Փաշինյանը բավարարել ու պատրաստակամություն է հայտնում առաջիկայում էլ բավարարել նրա բոլոր պահանջները։

Ալիևին զսպելու, անվտանգություն ու իրական խաղաղություն ապահովելու համար երկու կարևոր գործոն կա՝ Հայաստանի տնտեսական և ռազմական պոտենցիալի մեծացում ու միջազգային երաշխիքների գործարկում։ Առանց վերոհիշյալ 2 գործոնի ապահովման, Ալիևի ու Փաշինյանի կողմից ստորագրված որևէ թղթի կտոր չի կարող երաշխիք լինել որևէ տիպի խաղաղության համար։

Հայաստանը Արևմտյան Ադրբեջան դարձնելու ճանապարհին յուրաքանչյուր խոչընդոտի դեպքում Ալիևը սպառնալու է պատերազմ սանձազերծել։ Քանի որ Փաշինյանը պատրաստակամություն է հայտնում այս ճանապարհին բավարարել Ալիևի բոլոր պահանջները, ուստի ավտոմատ դառնում է Ալիևի սրտի վարչապետն ու թեկնածուն։ Պատկերավոր ասած՝ Նիկոլ Փաշինյանը ձգտում է դառնալ ոչ թե Հայաստանի վարչապետ, այլ Արևմտյան Ադրբեջանի քյոխվա։

Նիկոլ Փաշինյանի հանձնվողական քաղաքականությունը Հայաստանին տանում է ոչ թե «հավերժական խաղաղության», այլ՝ երաշխավորված պատերազմի։