Հայաստանի Հանրապետության տարածքում գործող զինված բանդայի մասին հայտարարություն

Իրենք՝ Հայաստանի Հանրապետության եկեղեցիների պաշտպանության կոմիտեի անդամները, հայտնում են, որ Հայաստանի Հանրապետության տարածքում գործում է զինված բանդա, որի գործունեությունը ուղղված է կիրակի օրերին եկեղեցիներ զավթելուն և հավատացյալների իրավունքները կոպտորեն ոտնահարելուն՝ իրենց սատանայական «պաշտամունքները» կատարելու համար։

Այս հանցավոր բանդայի ղեկավարը վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձն է, որը զինված մարդկանց ուղեկցությամբ, բացահայտ և անթաքույց լկտիությամբ, թափանցում է իր իրավասության տակ չգտնվող եկեղեցիների սակրալ տարածքներ՝ խախտելով կրոնական ազատության սահմանները և սեփականության իրավունքի անձեռնմխելիությունը։

Նողկալի է, որ այս բանդային, նախարարներից, պատգամավորներից, արկածախնդիրներից բացի, միացել են նաև իրենց եռակի օծումը ոտնահարված և մերժած «հոգևորականներ», որոնք իրենց այս քայլով արժանացել են Աստծու դատաստանին։

Սույն հանցավոր զինված բանդայի դեռևս ազատության մեջ գտնվելը խոսում է իբրև թե իր սուվերենությունը «գտած», սակայն իրականում կորցրած պետականության փշրանքների լիակատար զավթման մասին հանցագործ սուբյեկտների կողմից։

Այս իրավիճակում, որտեղ պետականությունը փաստացի գտնվում է ապօրինի գրավի տակ, մենք, խղճի կալանավորներս, հավատում ենք, որ պետականությունը կվերականգնվի, իսկ հանցագործները կզբաղեցնեն այն տեղը, ուր այսօր մենք ապօրինի կերպով գտնվում ենք։

Հայաստանի Հանրապետության եկեղեցիների պաշտպանության կոմիտեի անդամներ

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան

Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյան