Հայաստանի տնտեսության ակտիվության աճը, որը նկատվել էր վերջին ամիսներին, շարունակվում է, սակայն դրա հիմքում ընկած գործոնները բավականին անկայուն են։
Ընթացիկ տարվա նոյեմբերին Տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) կազմել է 10.4%, իսկ հունվար-նոյեմբեր ամիսների կուտակային ցուցանիշը՝ 8.3%։ Այս ցուցանիշը 0.2 տոկոսային կետով արագանում է նախորդ ամսվա համապատասխան ցուցանիշի համեմատ։
Արդյունաբերության ոլորտը սկսել է արագ վերականգնվել և գրանցել դրական աճի ցուցանիշներ։ Սակայն վերջին ամիսների աճի հիմնական գործոնը մշակող արդյունաբերության «հիմնային մետաղների արտադրություն» ենթաոլորտի աճն է։ Հոկտեմբերին այս ենթաոլորտը ապահովել է մշակող արդյունաբերության 20.8% աճի 18.4 տոկոսային կետը։ Այս աճը հիմնականում պայմանավորված է ոսկու և այլ մետաղների վերաարտահանմամբ։
Այսպիսով, թեև արդյունաբերության աճի տեմպը դրական է, այն հիմնված է մեկ, ոչ բազմազան աղբյուրի վրա, ինչը դարձնում է այն անկայուն։
Թեև արտահանման և ներմուծման ցուցանիշները դարձել են դրական և կտրուկ արագացել են, դրանք դեռևս բավարար չեն արտաքին առևտրի վերականգնման և առողջ աճի մասին խոսելու համար։ Եթե արտահանման աճը չճշգրտենք «թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ և դրանցից իրեր» ապրանքախմբի նպաստման չափով (չեզոքացնենք վերաարտահանման ազդեցության զգալի մասը), ապա աճը կկազմի ընդամենը 2.2%։ Նմանատիպ ցածր աճ ունի նաև ներմուծման ճշգրտված ծավալը՝ 3.6%։ Այս ցածր ցուցանիշները ցույց են տալիս, որ ոլորտում դեռևս չկան նշանակալի դրական զարգացումներ։