Վրաստան-Հայաստան սահմանին կանգնած բեռնատարների խնդիրը սաստկանում է

Վրաստան-Հայաստան սահմանային անցակետերում արդեն մեկ շաբաթ է՝ կանգնած են տասնյակ բեռնատարներ, որոնք լցված են ռազմավարական նշանակության բեռներով՝ փայտով, հեղուկ գազով և ածուխով։ Վարորդների հաղորդմամբ, վրացական կողմը փաստացի արգելափակել է Հայաստան ուղղությամբ բեռների մուտքը՝ պահանջելով յուրաքանչյուր մեքենայից 600-700 ԱՄՆ դոլար։

«Առանց որևէ պատճառաբանության՝ պարզապես գումար են պահանջում։ Հայաստանից ոչ ոք ոչինչ չի ասում, մենք չգիտենք՝ ինչ կլինի»,- նշում են վարորդները, որոնց մեքենաները սահմանին են կանգնած փետրվարի 12-ից։

Խնդիրը, որի հիմքում ընկած են վառելանյութի, էներգակիրների և փայտանյութի մատակարարումները, բարձրացվել է միջպետական մակարդակով, սակայն առանց կոնկրետ արդյունքների։ Վերջերս Հայաստան այցելած Վրաստանի էկոնոմիկայի նախարարը հարցի շուրջ տվել է ոչ կոնկրետ, ձևական պատասխաններ՝ փաստացի խուսափելով հստակ դիրքորոշումից։ Պարզաբանում կամ պաշտոնական հաղորդագրություն չի հրապարակվել նաև հայկական կողմից։

Այս իրավիճակը հայկական ընկերություններին ամեն օր ծանր ֆինանսական վնասներ է պատճառում՝ կանգառի, սպասարկման, ժամանակի և պայմանագրային պարտավորությունների խախտման հետևանքով առաջացող տույժերի տեսքով։ Ընկերությունները հայտնվել են անորոշության մեջ, իսկ շուկան՝ հնարավոր ցնցումների վտանգի տակ։

Հետաքրքրական է, որ խնդրի շուրջ ներսում էլ են եղել ընտրովի միջամտություններ։ Իմ աղբյուրների համաձայն՝ իշխող կուսակցության պատգամավորներից մեկին պատկանող բեռի հարցով վրացական ղեկավարությանը անձամբ միջնորդել է Հայաստանի ամենաբարձր պաշտոնյաներից մեկը։ Ստացվում է, որ խնդիրը լուծվում է ոչ թե համակարգային, այլ անհատական սկզբունքով՝ «յուրայինների» համար, մինչդեռ մյուս վարորդները շարունակում են մնալ սահմանին։

Այս ամենի դիմաց Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը չի ներկայացրել որևէ տեսանելի գործողություն։ Նախարարի հրապարակային ակտիվությունը սահմանափակվում է սոցիալական ցանցերում վիճակագրական տվյալների հրապարակմամբ։ Սակայն այստեղ հարցը թվերի մասին չէ։ Խոսքը մարդկանց, բիզնեսների և մատակարարման շղթաների մասին է։ Եթե սահմանին ձևավորվում է արհեստական արգելք, ապա դա ոչ միայն առանձին ընկերությունների, այլև երկրի տնտեսական անվտանգության խնդիր է։

Այս իրավիճակում անհրաժեշտ է հստակ պատասխան՝ ովքե՞ր և ինչո՞ւ են պահանջում վերոնշյալ 700 դոլարը, կա՞, արդյոք, պաշտոնական որոշում վրացական կողմից, և ի՞նչ կոնկրետ քայլեր է ձեռնարկում հայկական կառավարությունը։ Մինչ այդ, սահմանին կանգնած վարորդները շարունակում են սպասել՝ իրենց հաշվին վճարելով ոչ միայն գումար, այլև պետության անգործության պատճառով հնարավոր կոլապսի։