Իմ վերլուծությամբ՝ վերջին շաբաթներին Նիկոլ Փաշինյանի կողմից ձեռնարկված գործողությունները, որոնք առնչվում են Հայ Առաքելական եկեղեցուն, չեն կարող դիտարկվել որպես տրամաբանական քաղաքական հաշվարկ կամ ռացիոնալ բարեփոխումների ձգտում։ Գործողությունների հաջորդականությունը և դրանց բովանդակությունը հակասում են ցանկացած տրամաբանական նպատակին։
Իրականում, իշխանությունը ձևավորել է շուրջ տասը եպիսկոպոսներից բաղկացած խումբ, որոնք, եթե նպատակը բարեփոխում լիներ, պետք է ներկայացվեին որպես այդ գործընթացի առաջամարտիկներ։ Փոխարենը՝ իշխանությունը ցուցադրաբար նվաստացնում է այդ ներկայացուցիչներին՝ նրանց ստորագրելու համար ստեղծելով պարզապես ֆորմալ պայմաններ։ Սա բարեփոխում չէ, այլ իշխանության ցուցադրություն՝ ցույց տալու համար, որ կարող է ճնշել և պարտադրել իր ուզածը։
Այս գործողությունները որևէ բովանդակային նպատակ չեն հետապնդում։ Դրանք ուղղված են միայն մեկ բանի՝ ցույց տալու, որ իշխանությունն ունի նվաստացնելու, ճնշելու և պարտադրելու կարողություն։ Փաշինյանը փորձում է ցուցադրել, որ կարող է հասնել իր ուզածին, բայց չի կարող հասնել իր նպատակին։
Եթե նպատակը բարեփոխում լիներ, գործընթացը պետք է սկսվեր ոչ թե Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրաժարականի պահանջով, այլ հենց բարեփոխումների օրակարգով։ Փաստացի, տեխնոլոգիական հաջորդականությունը ամբողջությամբ հակառակ է։ Սա արդեն իսկ պարտություն է, և իշխանությունը փորձում է այն ծածկել ակտիվության ցուցադրությամբ։
Իմ կարծիքով՝ այս արհեստական ակտիվությունը երկարատև չի կարող պահպանվել։ Փաշինյանը հայտնվել է քաղաքական թակարդում և փորձում է մինչև ընտրություններ ցուցադրել ակտիվություն, սակայն առանց արդյունքի։ Սա ցույց է տալիս, որ նա արդեն վերջացած է։
Այս գործընթացի հետ կապված դավանաբանական խեղումները ևս խորապես անհանգստացնող են։ Քրիստոնեական աստվածաբանության համաձայն՝ եկեղեցին Հիսուսի մարմինն է, իսկ Գրիգոր Լուսավորիչը եկեղեցի չի ստեղծել, այլ իրականացրել է Հիսուսի կամքը։ Պնդումները, թե ժողովուրդը պետք է ընտրի կաթողիկոսին կամ որ ամուսնացած քահանան կարող է դառնալ փոխանորդ, ոչ միայն Հայ Առաքելական եկեղեցու, այլև ընդհանրապես քրիստոնեական ավանդույթի դեմ են։
Հայկական եկեղեցին համարվում է ամենաժողովրդական եկեղեցիներից մեկը, քանի որ ժողովրդի ընտրյալները մասնակցում են կաթողիկոսի ընտրությանը։ Փաշինյանի մոտեցումը նոր չէ, նա նախկինում էլ փորձել է ժողովրդի միջոցով վերահսկել իշխանության բոլոր ոլորտները, վերջին ինստիտուտը՝ եկեղեցին։ Սակայն քանի որ այլևս ժողովրդի վստահությունը չի վայելում, նույնիսկ ամբոխ հավաքելու հնարավորություն չունի։ Սա վերջնական ապացույցն է նրա քաղաքական վերջնականության մասին։