Իմ վերլուծության համաձայն՝ Նիկոլ Փաշինյանը շարունակում է իրականացնել «խաղաղություն» անվան տակ մի շարք քայլեր, որոնք, սակայն, իրականում ծառայում են միայն մեկ նպատակին՝ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին իրեն աջակցող մի փոքրիկ, բայց միամիտ զանգվածների վստահությունը պահպանելուն։
Նրա հիմնական մարտահրավերը՝ իշխանությանը մնալը, նա փորձում է լուծել երկու ուղղությամբ։ Առաջինը՝ իրեն չհավատացողներին վախեցնելու սցենարն է, որի համաձայն, եթե նա իշխանությունից հեռանա, Հայաստանում պատերազմ կսկսվի։ Երկրորդը՝ իրեն հավատացողներին համոզելու փորձն է, որ նա աշխատում է խաղաղության համար, ինչի համար էլ ապավինում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։
Այս երեք անձանց միջև, ինչպես երևում է, գոյություն ունի փոխշահավետ գործարք։ Էրդողանն ու Ալիևը, հասկանալով, որ Նիկոլ Փաշինյանի նման իշխանությանը պահպանելու հնարավորություն իրենք երբեք չեն ունենա, իրենց հերթին ցանկանում են նրա աթոռը պահպանել։ Այդ պատճառով էլ Էրդողանը խոստանում է 2026 թվականին ընդառաջ խորհրդանշական քայլեր անել Հայաստանի հարցում, իսկ Ալիևը՝ իր «ցորեն և բենզին» ծրագրի շրջանակում, ֆինանսական օգնություն է տրամադրում։
Այս ամենի ֆոնին, որպեսզի իմիտացիան ավելի իրական տպավորություն ստեղծի, ակտիվացվում են նաև այլ գործիքներ։ Օրինակ, ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը, օգտվելով առիթից, իր բիզնես շահերը պաշտպանում է՝ ադրբեջանական բենզինը ներմուծելու իր կազմակերպությունների միջոցով։
Փաստացի, ինչպես ճշգրիտ գիտեն Նիկոլ Փաշինյանն ու Խաչատուր Սուքիասյանը, սա ոչ թե խաղաղության շրջանակներում իրականացվող բիզնես է, այլ մեկանգամյա, քարոզչական ակցիա՝ թոզփչոցի։ Իրենց շահերը՝ իշխանությունն ու փողը, ավելի կարևոր են, քան ցանկացած խաղաղության հռչակ։
Այս իրավիճակը հանգեցնում է նաև հայ-վրացական տնտեսական կապերի խաթարման, որը պայմանավորված է Նիկոլ Փաշինյանի «դիվերսիֆիկացվող» քաղաքականությամբ։
Եթե ընդդիմադիր ուժերը կարողանան ձևավորել միասնական և համոզիչ ծրագիր, ապա ոչ մի արտաքին գործընկեր՝ Կալաս, Փալաս, Կայա, Մայա, Ուրսուլա ֆոն դեր Լյունը, Մակրոնն ու Ժոզեպ Բորելլը չեն կարողանա Նիկոլ Փաշինյանին փրկել։ Քաղաքական պայքարը կընթանա և քվեները կբաշխվեն հիմնական 6 քաղաքական ուժերի միջև։
Վերջում, պետք է նշել, որ Նիկոլ Փաշինյանի հիմնական պահանջը՝ իշխանությանը մնալը, պահանջում է բախումներ։ Իրեն այլ տարբերակ չի մնացել, քանի որ նա վախենում է ընտրություններից, իշխանությունը կորցնելուց և իրենից հետո գալիք օրինականությանը։