Սուրբ ծնունդն անցկացնելու մեր ցանկությունները, որոնք ուղղված էին աղոթքի և գոհաբանության, վերստին խափանվեցին։ Հայրենադավների և տիրադավների միությունը, իր զինված բանդայի միջոցով, ալեկոծեց մեր սուրբ եկեղեցու անդորրը՝ «բարեվարքության» արհեստական և մտացածին օրակարգի ներքո։
Այս իրադարձությունը, ցավոք, հիշեցնում է պատմության հին էջերը։ Ինչպես 2000 տարի առաջ Հերովդեսն ու Հերովդիադան զոհ էին փնտրում՝ իրենց հիվանդագին մտագարությանը գոհացնելու համար, այնպես էլ այսօր դարձյալ մոլեգնում են։ Բարեվարքության մասին խոսողները, ապաշխարության և պահեցողության փոխարեն, տգիտության և անտեղյակության գլուխգործոց են ստորագրում՝ իրենց ողորմելիության դատավճիռը ստորագրած լինելով։
Հիրավի, հայրենադավը գցել է տիրադավներին, ողորմելին՝ խղճալիներին, անամոթը՝ անպատկառներին, անբարոյականը՝ բարոյազուրկներին, ճղճիմը՝ չնչիններին։ Այս ցավալի իրադարձությանը հաջորդում են բացահայտ զինված հանցագործությունները՝ ինչպես Երևանում, այնպես էլ Թալինում։
Հուսով եմ, որ մեր ժողովրդի զավակների զգալի մասը հասկանում է իրականությունը և կիրականացնի ճիշտ ախտորոշումը։ Սա էլ կանցնի, իսկ Հայ եկեղեցին կշարունակի իր առաքելությունը՝ օտար մարմինները արտավիժելուց հետո։ Եկեղեցին կբարեկարգվի և կմաքրվի, սակայն այնպես, ինչպես Աստված է կամենում, և ոչ թե՝ ինչպես ողորմելի ոչնչությունները։
Իսկ Քրիստոս ճշմարտապես ծնվեց և հայտնվեց, Ձեզ և մեզ մեծ ավետիս։
Օրհնությամբ՝
Միքայել արք. Աջապահյան
194-րդ օր ապօրինի բանտարկության
06.01.26