Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին այս առավոտ բանտարկվել է Փարիզի «Լա Սանտե» բանտում՝ սեպտեմբերի սկզբին կայացված դատավճիռը կատարելու համար։ Նա դատապարտվել է 5 տարվա ազատազրկման՝ 2007 թվականի նախագահական ընտրարշավը ֆինանսավորելու համար Լիբիայի ղեկավար Մուամմար Քադաֆիից միլիոնավոր դոլարներ կանխիկ գումար ստանալու և դրա համար իր մտերիմ օգնականների հետ դավադրություն կազմակերպելու մեղադրանքով։
Նախկին նախագահը տնից դուրս է եկել իր կնոջ՝ Կառլա Բրունիի հետ միասին։ Նրան ողջունել են հարյուրավոր աջակիցներ, որոնք վանկարկում էին «Նիկոլա» և երգում Ֆրանսիայի ազգային օրհներգը։
Սարկոզին դատարանում հերքել է իր մեղքը՝ գործը որակելով որպես քաղաքական դրդապատճառներ ունեցող։ Դատարանը նրան արդարացրել է միջոցներն անձամբ ստանալու կամ օգտագործելու գործով, սակայն մեղավոր է ճանաչել դավադրություն կազմակերպելու համար։
Նախագահի հայտարարությունն էր․ «Ես ցանկանում եմ ասել, որ այս առավոտյան բանտարկվում է ոչ թե Հանրապետության նախկին նախագահը, այլ անմեղ մի մարդ»։