Հայաստանը պետք է հրաժարվի աշխարհաքաղաքական բախումների թատերաբեմի դերից և դառնա շահերի համադրման կենտրոն, որտեղ հավասարակշռված դիվանագիտությունը կապեր կառուցի բոլոր ուղղություններով։ Սա նշանակում է ոչ թե մեկ կողմնորոշում ընտրել, այլ բազմակողմանի մոտեցում, որը կապահովի երկրի անվտանգությունը, տնտեսական զարգացումը և մշակութային հարստությունը։
Հայաստանի դիվանագիտության հիմնաքարը պետք է լինի հարևանների հետ հարաբերությունների խորացումը։ Առաջին հերթին՝ Վրաստանի հետ։ Այս հարաբերությունները պետք է բարեկամականից բարձրանան ռազմավարական մակարդակ։ Սա նշանակում է համատեղ զարգացման ծրագրերի մշակում՝ զբոսաշրջության, էներգակիրների, տրանսպորտային ենթակառուցվածքների ոլորտներում։ Կարևոր է ակտիվացնել տնտեսական կոոպերացիան, ներդնել միջոցներ երկաթգծային հանգույցի գործարկմանը և աջակցել Գյումրիում Ազատ տնտեսական գոտու ստեղծմանը։ Վրաստանը կարևոր դեր ունի նաև մեր տարածաշրջանի կոմունիկացիոն խաչմերուկի ստեղծման գործում։
Հայաստանը կարող է ակտիվ դեր կատարել նաև Ռուսաստան-Վրաստան հարաբերությունների կարգավորման գործում՝ հանդես գալով որպես հարթակ տրամադրող և միջնորդ։ Այս հարաբերությունների կարգավորումը բխում է մեր շահերից, քանի որ թույլ կտա օգտագործել աբխազական երկաթգծի ճանապարհը՝ խթանելով մեր երկրի տնտեսական ինտեգրումը տարածաշրջանում։
Հավասարակշռված դիվանագիտությունը նշանակում է նաև ԱՄՆ-ի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների պաշտպանությունը՝ դրանք փոխլարցնելով և հայկական շահերը առավելագույնս պաշտպանելով։ Թրիփ (TRIPP) նախագիծը կարող է կյանքի կոչվել մեր երկրի անկախության, իրավազորության և փոխադարձության սկզբունքով։ Սա պահանջում է նախագծի կապակցումը Հայաստան-Իրան և Հայաստան-Ռուսաստան երկաթգծային ու ավտոմոբիլային կապի ապահովման հետ՝ Նախիջևանի տարածքով և Ադրբեջանի տարածքով։
ԵՄ-ի հետ հարաբերություններում պետք է կենտրոնանալ չիրացված պոտենցիալի օգտագործման վրա։ Հայաստանը պետք է մոտեցնի իր իրավաքաղաքական և արժեքային դաշտը եվրոպական ստանդարտներին՝ պահպանելով մեր ավանդական արժեքների ողջ ծավալը։ Կարևոր է ապահովել ՀՀ քաղաքացիների համար ԵՄ երկրներ առանց վիզայի ռեժիմով այցելության հնարավորությունը՝ ինչպես Վրաստանի դեպքում է։
Այս մոտեցումը նշանակում է նաև բիզնես, մշակութային և կրթական կապերի խորացում Չինաստանի, Հնդկաստանի, արաբական երկրների և մեր համար հետաքրքրություն ներկայացնող այլ երկրների հետ։ Սա թույլ կտա Հայաստանին դառնալ տարածաշրջանի և աշխարհի միջև կամուրջ՝ ապահովելով երկրի տնտեսական և քաղաքական անկախությունը։