Անցած շաբաթվա սկզբին Ուկրաինայի պատվիրակությունը, որը բանակցում էր Ժնևում հակամարտությանը վերջ դնելու հարցով, դեռևս ղեկավարում էր Անդրեյ Երմակը։ Սակայն, ինչպես հայտնի դարձավ, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, հավանաբար, դիտմամբ նշանակել էր Երմակին այդ պաշտոնում՝ ցույց տալու համար, որ կոռուպցիոն սկանդալի պատճառով նա չի մտադիր զոհաբերել իր ամենամոտ ընկերոջը։
Սակայն այս որոշումը խիստ նյարդայնացրել էր ԱՄՆ-ի կառավարությանը։ Վերջիններս ուղիղ պահանջեցին Ուկրաինայի ղեկավարից հեռացնել Երմակին, համարելով նրան ռուս-ուկրաինական հաշտեցման գործընթացի հիմնական խոչընդոտը։ Ամերիկացիների մեսիջը Զելենսկին «ճիշտ» հասկանալու համար, նախօրեին Ուկրաինայի մասնագիտացված հակակոռուպցիոն բյուրոն խուզարկություն անցկացրեց Երմակի Կիևի բնակարանում։ Ինչպես հայտնի է, բյուրոյի գաղտնալսումների մեջ նշված էր նաև Երմակի ածական անունը։
Այս իրադարձությունների արդյունքում, անցած ուրբաթ օրը Վլադիմիր Զելենսկին ստիպված ազատեց Երմակին նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից։
Հրաժարականի օրը Երմակը հանդես եկավ հետևյալ հայտարարությամբ, որը ներկայացրեց Թրամփի կողմնակից «The New York Post» ամերիկյան պարբերականին․ «Ես գնում եմ ռազմաճակատ և պատրաստ եմ ցանկացած ճնշմանը, քանի որ ես ազնիվ և պարկեշտ մարդ եմ»։ Նա ավելացրեց․ «Ինձ զրպարտել են և վիրավորել են իմ արժանապատվությունը, չնայած ես Կիևում եմ 2022 թվականի փետրվարի 24-ից։ Հետևաբար, ես չեմ ուզում խնդիրներ ստեղծել Զելենսկու համար»։ Վերջում նա նշեց․ «Ես զզվում եմ այն կեղտից, որով նրանք փորձում են ինձ պղծել, բայց ես ավելի զզվում եմ ճշմարտությունը իմացողների աջակցության բացակայությունից»։
Այս հայտարարությունը հիշեցնում էր մի մարդու խոսք, որը գիտեր, որ իրեն զոհաբերում են կոնկրետ նպատակով, և որ այդ քայլը միայն սկիզբն է։
Շաբաթ օրը Զելենսկին նոր ղեկավար նշանակեց Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովին։ Այս անձի ընտրությունը, ինչպես նաև Երմակի հեռացումը, ամերիկացիների պահանջներն էին։
Ըստ միջազգային դիտորդների, Երմակի հեռացումը նշանակում է, որ Զելենսկին կդառնա «կաղ բադ» նույնիսկ իր շրջապատում։ Սակայն, դիտորդների կարծիքով, հենց դա էլ ցանկանում են ամերիկացիները, որպեսզի կարողանան ստիպել Զելենսկուն համաձայնվել իրենց առաջարկների հետ և լուծել ռուս-ուկրաինական խնդիրը։
Հիշեցնենք, որ Երմակը որպես նախագահի խորհրդական կենտրոնացած էր Ուկրաինայի արտաքին քաղաքականության վրա և մասնակցել էր Նորմանդական ձևաչափի վերակենդանացման ջանքերին։ 2022 թվականի պատերազմի սկզբից նա ստանձնել էր բանակցություններում առաջատար դեր։
Այս իրադարձությունները տեղի են ունենում այն պայմաններում, երբ, ըստ բրիտանական The Times պարբերականի, Զելենսկին զոհաբերելով Երմակին, փորձում է լուծել իշխանությունից արդեն իր անվտանգ հեռանալու խնդիրը, քանի որ այս հարցում կուլիսային համաձայնություն փաստացի կայացել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև։