Որպես Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի խոնարհ և նախանձախնդիր սպասավոր, միաբան և պաշտոնյա՝ ես, Ասողիկ աբեղա Կարապետյանը, անհուն և արդար բարկությամբ ամենայն խստությամբ դատապարտում եմ ուխտադրուժ և նենգադավ Սրբազան Հայրերին, ովքեր այսօր հանդես եկան իրենց բարձր կոչմանն ու աստիճանին անվայել և կանոնազանց ընթացքով։
Ես, ով նրանց հետ հաց եմ կիսել Մայր Աթոռիս սեղանատանը, ով նրանց հետ ապրել եմ աստվածակառույց Մայր Տաճարիս հովանու ներքո, ով նրանց հետ աղոթքի եմ կանգնել Տիրոջ Սուրբ Սեղանի առջև՝ ի Քրիստոս սիրո սուրբ ողջույն փոխանակելով, հիմա ինչպե՛ս կարող եմ նայել նրանց երեսին։
Իմ սրտի խորքում կաղոթում եմ, որ Աստված ողորմի և նրանց մտքին պայծառություն շնորհի՝ անկեղծ զղջմամբ ու արտասուքով գալու և ընկնելու մեր ամենքիս Հոգևոր Հայր և շնորհաց աղբյուր Հայոց Հայրապետի առջև։
Իմ անվերապահ հավատարմությունը, անխառն սերն ու անսակարկ նվիրումն եմ հայտնում պաշտելի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և Նորին Սրբություն Տ. Տ. Գարեգին Բ. մեծագործ և աստվածարյալ Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետին։
Այս հայտարարությունը կատարվել է իմ անձնական տեսակետի և հավատքի հիման վրա։