Երևանի պոլիկլինիկաների և մանկապարտեզների աշխատակիցների աշխատավարձերի անարդարության մասին

Ես բազմիցս հարցազրույցների և ավագանու նիստերի ընթացքում անդրադարձել եմ Երևան քաղաքի պոլիկլինիկաների և մանկապարտեզների աշխատակիցների աշխատավարձերի ցածր մակարդակի և դրանց բարձրացնելու անհրաժեշտության խնդրին։ Պոլիկլինիկաների բժիշկների և բուժքույրերի, ինչպես նաև մանկապարտեզների դաստիարակների և դայակների աշխատանքի ծանրաբեռնվածությունը և բարձր պատասխանատվությունը, որոնք ապահովում են քաղաքի բնակչության առողջության և երեխաների խնամքի անհրաժեշտ պայմանները, համապատասխան չի գնահատվում և համարժեք չի վարձատրվում։

Այս իրավիճակը դառնում է ավելի ցավալի, երբ համեմատում ենք այս ոլորտի աշխատակիցների աշխատավարձերը նոր ստեղծված կառույցների աշխատակիցներինը։ Օրինակ, «Երևանի երթևեկության կառավարման կենտրոն» համայնքային հիմնարկի վարչատնտեսական բաժնի պահակն ու հավաքարարը կստանան 230,000 դրամ, իսկ էլեկտրիկն ու վարորդը՝ 286,000 դրամ, մինչդեռ բժիշկն ու դաստիարակը, բուժքույրն ու դայակը՝ 2-3 անգամ ավելի քիչ։ Սա ոչ միայն անարդար է, այլև ստեղծում է մոտիվացիայի բացակայության և մասնագետների արտահոսքի վտանգավոր նախադրյալ։

Ուստի՝ սույն թվականի դեկտեմբերի 1-ին ես դիմել եմ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին՝ առաջարկով վերանայել և բարձրացնել վերը նշված հիմնարկների աշխատակիցների աշխատավարձերը։

Հարկ է նշել, որ Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամների համար սա ոչ միայն ֆինանսական, այլև սոցիալական և մարդասիրական հարց է։ Եթե «Երևանի երթևեկության կառավարման կենտրոն»-ի վարչատնտեսական բաժնի պետը, ով ղեկավարում է 18 աշխատակից, ստանում է 440,000 դրամ աշխատավարձ, ապա Երևանի պոլիկլինիկաների և մանկապարտեզների տնօրենները, ովքեր ղեկավարում են ավելի մեծ աշխատակազմ և իրենց վրա են կրում ավելի պատասխանատու աշխատանքի ծանրաբեռնվածություն, նույնպես պետք է վարձատրվեն այդ գումարին համարժեք կամ դրանից ավելի։ Սա ոչ թե պարզապես աշխատավարձի բարձրացում է, այլ համակարգի արդարության և մարդկային արժանապատվության հարգման ակնարկ։