Գյումրիի քաղաքացիները պահանջում են ազատ տնտեսական գոտի և ազատ քաղաքի կարգավիճակ

Գյումրիում արդեն 10 օր է, ինչ ընթանում է ստորագրահավաք, որի նպատակն է Գյումրիի ավագանուն ուղերձ հղել՝ պահանջելով քաղաքին ազատ տնտեսական գոտու (ԱՏԳ) կարգավիճակ և հարկային արտոնյալ ռեժիմ։ Նախաձեռնողը Գյումրիի քաղաքապետի հավակնորդներից մեկը՝ Կարեն Սիմոնյանն է։

Ստորագրահավաքի մասին ուղերձը, որը հավաքագրված ստորագրություններով կներկայացվի ավագանու օրակարգում, պահանջում է, որ նորընտիր ավագանին առաջարկ–պահանջով հանդես գա ԱՏԳ-ի և ազատ քաղաքի թեմայով։

Չնայած Գյումրիի ավագանին չունի ազատ տնտեսական գոտի ստեղծելու և հարկային արտոնյալ ռեժիմ սահմանելու իրավասություն, ավագանու լիազորությունների շրջանակներում տեղավորվում է ուղերձ հղելը և պահանջելը։

Համայնքի ավագանուն ուղերձի նախագիծը ներկայացնելու համար օրենքով պահանջվում է հաշվառված և 16 տարին լրացած քաղաքացիների 1 տոկոսի ստորագրություն, ինչը նշանակում է մոտ 1.100 ստորագրություն։ Կարեն Սիմոնյանի թիմն արդեն իսկ հավաքագրել է 3.500-ից ավելի ստորագրություն, ինչը դարձնում է այս գործընթացը աննախադեպ Հայաստանի համայնքների համար։

Այս նախաձեռնությունը նպատակ ունի Գյումրիի քաղաքացիների ուժով ստիպել իշխանություններին, որպեսզի քաղաքը չմնա հետին պլանում։

Ազատ տնտեսական գոտու ծրագրի գաղափարը նոր չէ։ Այն առաջին անգամ հնչել է 1988 թվականի երկրաշարժից հետո։ 2019 թվականին կառավարությունը նույնիսկ որոշում էր ընդունել Գյումրիում ԱՏԳ ստեղծելու մասին, սակայն այդ որոշումը մնաց թղթի վրա։

Հետաքրքրական է, որ «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչները, դեռևս ԱՏԳ-ի ծրագրի ներկայացումն ավարտված չէր, սկսեցին քննադատել այն՝ հարցնելով, թե ի՞նչ կապ ունի այն Գյումրիի ավագանու լիազորությունների հետ։ Սակայն, ինչպես նշվում է, ԱՏԳ-ի ստեղծումը կենտրոնական իշխանության ֆունկցիա է, իսկ ավագանին կարող է դրա վերաբերյալ պահանջ հղել։

Այս պահին գյումրեցիները պետք է իրենց ձեռքը վերցնեն քաղաքի զարգացման ճակատագիրը։ Ստորագրահավաքը դրանց առաջին քայլն է, որից հետո կկազմավորվի նոր՝ ՔՊԿ-ազերծ իշխանություն, որը հետագայում կմասնակցի համապետական գործընթացներին։