Վաղը Երևանի ավագանու անդամները կհամաձայնեցնեն հաջորդ տարվա տեղական վճարների դրույքաչափերը։ Այս հարցը, որը վերաբերում է բոլոր երևանցիների բարեկեցությանը, կրկին դարձել է քաղաքական խնդիր։
Չնայած մի շարք դատական որոշումների, որոնք հաստատում են «Մայր Հայաստան» խմբակցության դիրքորոշումը՝ որ գործող թանկացումները եղել են ապօրինի և ոչ իրավաչափ, Նիկոլ Փաշինյանի կողմից կառուցված քաղաքական մեքանիզմը, ի դեմս Տիգրան Ավինյանի և Արամ Զավենի Սարգսյանի, կրկին օրակարգ է մտցրել նույն թանկացված և քաղաքացիների համար ծանրաբեռնող գները։ Նպատակը պարզ է՝ շարունակել հաջորդ տարի ևս սեփական բնակչության հաշվին իրականացվող ֆինանսական քաղաքականությունը։
Այսպես կոչված «ժողովրդավարության բաստիոնը» հերթական անգամ բացահայտում է իր իրական վերաբերմունքը ժողովրդավարության և թափանցիկության նկատմամբ։ Խնդրահարույց հարցերը, որոնք ուղղակիորեն ազդում են քաղաքացիների կյանքի որակի վրա, փաթեթավորվում են և քննարկվում են մեկ չզեկուցվող փաթեթով։ Միևնույն ժամանակ, նույն թեմայի շրջանակում արտոնություններին վերաբերող հարցերը ներկայացվում են առանձին, զեկուցվող ընթացակարգով՝ պոպուլիստական հաշվարկներով, որոնք պետք է ներկայացնեն իբրև «լավ բան» երևանցիների համար։
Հիշեցնեմ, որ երևանցիներին այս իշխանությունը չի ընտրել։ Նիկոլ Փաշինյանի կոալիցիան ստացել է ընդամենը 32 մանդատ, մինչդեռ ընդդիմադիր ուժերը՝ 33։ Սակայն կուլիսային պայմանավորվածությունների և մանդատագողության արդյունքում ՔՊ-ն ունեցել է քաղաքապետ, որը փաստացի ներկայացնում է փոքրամասնությանը։
Մենք՝ իրական ընդդիմադիրներս, մեր պարտքն ենք համարում տեղեկացնել երևանցիներին։ Ցանկացած ավագանու անդամ, ով կնպաստի ապօրինաբար թանկացված սահմանաչափերի պահպանմանը հաջորդ տարվա համար, գործնականում դառնում է այդ քաղաքականության համահեղինակ և ոչ այլ ինչ, քան ծպտյալ քպական։
Սա ոչ թե պարզապես տեղական վճարների մասին է, այլ իշխանության կողմից իրականացվող համակարգված քաղաքականության մասին, որի նպատակը բնակչությանը ծանրաբեռնելն է։
Սամվել Հակոբյան, «Մայր Հայաստան» խմբակցության անդամ, Երևանի ավագանու անդամ