Եվրամիության կողմից Հայաստանին տրամադրվող 15 մլն եվրոյի ֆինանսավորումը, որը նախատեսված է ընտրություններին աջակցելու համար, ոչ թե միջամտություն է Հայաստանի ներքաղաքական կյանքին, այլ աշխարհաքաղաքական մրցակցության հստակ արտահայտություն է Հարավային Կովկասում։ Այս կարծիքը հայտնում է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը՝ վերլուծելով իրավիճակը։
«Անցած և նախանցած տարիներին ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի ղեկավարները հստակ հայտարարել են իրենց առաջնային նպատակը՝ Ռուսաստանի ազդեցության կրճատումն է տարածաշրջանում։ Այս գործընթացը, որը հաճախ նկատվում է նաև Վրաստանում, որտեղ իշխանությունները մեղադրում են եվրոպական կառույցներին հեղափոխությունների կազմակերպման փորձերում, ցույց է տալիս, որ խոսքը մարդու իրավունքների կամ ինքնիշխանության մասին չէ, այլ աշխարհաքաղաքական պայքարի մասին»,- նշում է Ստեփան Դանիելյանը։
Նրա խոսքով՝ այս համատեքստում Հայաստանի ներքաղաքական իրադարձությունները և իշխանությունների քաղաքականությունը հանդես են գալիս որպես այդ մրցակցության անբաժանելի մաս։
«Հայաստանի գործող իշխանությունն ինքն է ստեղծում այն տրամաբանությունը, որը թույլ է տալիս ԵՄ-ին իր աջակցությունը ներկայացնել որպես ինքնիշխանության պաշտպանություն։ Գործող վարչապետն ու նրա թիմակիցները հաճախ հայտարարում են, որ իրենք պայքարում են «կայսրության» դեմ, չեն ուզում ծայրագավառ լինել, և նույնիսկ մեղադրում են եկեղեցական գործիչներին աշխարհաքաղաքական կենտրոնների հետ կապեր ունենալու մեջ։ Բնականաբար, խոսքը Ռուսաստանի մասին է։ Հետևաբար, ԵՄ-ի ներկայացուցիչների՝ ինչպիսիք են Կայա Կալլասը, գործողությունները պետք է դիտարկել որպես այս աշխարհաքաղաքական պայքարի շրջանակում գործող իշխանությանը աջակցելու միջոց»,- պնդում է քաղաքագետը։
Ստեփան Դանիելյանը նաև մեկնաբանում է այն ենթադրությունը, թե ԵՄ-ն կարող է փորձել կանխել իշխանափոխությունը։
«Այս հարցի պատասխանը պարզ է․ որոշումը կայացնում է Հայաստանի ժողովուրդը։ Ամենակարևորը, որ հանրությունը հասկանա, որ իր ինքնիշխանությունը պաշտպանելու համար պետք է խուսափել արտաքին ուժերի միջամտությունից։ Իրականում, այս պայքարում մեր ինքնիշխանության դեմ հիմնական ուժը հենց Հայաստանի գործող կառավարությունն է»,- եզրափակում է Ստեփան Դանիելյանը։