«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ֆինանսավորման աղբյուրները՝ պետական պայմանագրերից մինչև բիզնեսի ներկայացուցիչներ

Ինֆոքոմ հետաքննական կենտրոնը ուսումնասիրել է «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցության 2024 թվականի տարեկան ֆինանսական հաշվետվությունը և պարզել, որ կուսակցությանը ֆինանսավորել են մի շարք անձանց, որոնց բիզնեսները կապված են պետական և տեղական ինքնակառավարման մարմինների հետ միլիոնավոր դրամների պայմանագրերով, պետական արտոնություններով, ինչպես նաև կառավարող ուժի ներկայացուցիչներին փոխկապակցված բիզնեսների ներկայացուցիչներ, կառուցապատողներ և այլք։

Հետաքննության արդյունքում պարզվել է, որ 2024 թվականին կուսակցությանը նվիրատվություններից ստացված 139 միլիոն դրամի ավելի քան 80%-ը ձևավորվել է 1 միլիոն և ավելի դրամ նվիրաբերած 54 անձանց փոխանցումներից, որոնցից 31-ը նվիրաբերել են առավելագույն սահմանաչափով՝ 2․5 միլիոն դրամ։

«Պլատինե շաբաթ»․ 3 օրում՝ 34 միլիոն դրամ

Մայիսի 13-ին ՔՊ կուսակցությանը 2.5 միլիոն դրամ է փոխանցել Գարեգին Հովիկյանը, որը «Ա. Մելքոնյան» ընկերության սեփականատերն է, որն ավելի հայտնի է «Կաթենի» կաթնամթերքի ապրանքանիշով։ Մեկ ամիս անց Գարեգին Հովիկյանի եղբայրը՝ Հրանտ Հովիկյանն է ՔՊ-ին փոխանցել 2 միլիոն դրամ։

Հատկանշական է, որ «Ա. Մելքոնյան» ընկերության «խելացի» անասնաշենքը կառուցվել է Էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվող «խելացի» անասնաշենքերի կառուցման պետական օժանդակության ծրագրի շրջանակներում։

«Ոսկե շաբաթ»․ 3 օրում՝ 29 միլիոն դրամ

Մարտի 29-ին ՔՊ կուսակցությանը 2.5-ական միլիոն դրամ են փոխանցել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Սիլ Մաազա» ընկերության տնօրեն Արգիշտի Սահինյանը, «Սիլ Կոնցեռն» ընկերության տնօրեն Էդգար Մկրտչյանը և «Սիլ» հանքային ջրերի գործարան ՍՊԸ տնօրեն Վահագն Ալեքսանյանը։ Ապրիլի 1-ին ՔՊ-ին 2.5 միլիոն դրամ է փոխանցել Արիկ Սուքիասյանը՝ Խաչատուր Սուքիասյանի եղբոր՝ Ռոբերտ Սուքիասյանի որդին։

Նույն օրը ՔՊ-ին 2.5 միլիոն դրամ է փոխանցել նաև Մոհամադ Մաքքին, որը հայտնի է իր «Իմպերիալ լայֆսթոք» ՍՊԸ-ով, որը զբաղվում է կենդանիների մեծածախ առևտրով։

«Արծաթե շաբաթ»․ 6 օրում՝ ավելի քան 20 միլիոն դրամ

Հունիսի 5-ին ՔՊ կուսակցությանը 1 միլիոն դրամի նվիրատվություն է կատարել «Պրինտարմ դանվեստ» ընկերության սեփականատեր Անդրանիկ Բախտավորյանը, որը նույն տարվա դեկտեմբերի 25-ին էլ 1․5 միլիոն դրամ է փոխանցել։ Վերջինիս ընկերությունը 2018 թվականի հոկտեմբերին, 2020 թվականի մարտին և 2023 թվականի հուլիսին Կառավարությունից ստացել է մաքսային արտոնություններ։

Հիշատակման արժանի նվիրատուներ

Դեկտեմբերի 12-ին ՔՊ կուսակցությանը 2.5-ական միլիոն դրամներ են փոխանցել «Ռան օյլ» ընկերության նախկին սեփականատեր Ռոբերտ Գալուստյանը և Ալեն Սիմոնյանի որդու կնքահայրը՝ Էդգար Ավագյանը, որոնք գործընկերներ են և Ծաղկաձորում կառուցվող «Պալլադա» համալիրի նախկին համասեփականատերեր են։

Այսպիսով, 2024 թվականի ընթացքում կուսակցությանը նվիրատվություններից ստացված միլիոնավոր դրամների մեծ մասը կատարվել են խմբերով՝ նույն կամ իրար մոտ օրերի ընթացքում։