Հայաստան-Թուրքիա հարաբերությունների նոր փուլ. Թուրքական պահանջներն ու Փաշինյանի քայլերը

ՀՀ կառավարության աղբյուրների տեղեկատվությամբ, որոշ ժամանակ առաջ Թուրքիայի ներկայացուցիչ Սերդար Քըլըչը ԱՄՆ-ի ճնշումների ներքո Նիկոլ Փաշինյանին է փոխանցել իրենց նոր առաջարկները։

Առաջին հերթին, Անկարան առաջարկում է 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը բացել դիվանագիտական անձնագիր ունեցողների և երրորդ երկրների քաղաքացիների համար։ Սակայն, ինչպես նշվում է, Թուրքիան պատրաստ չէ բեռների համար սահմանները բացել։

Որպես միջանկյալ քայլ, որոշվել է փոփոխություն կատարել բեռափոխադրումների փաստաթղթավորման համակարգում։ Այսուհետ, Վրաստանի տարածքով Թուրքիայից Հայաստան մուտք գործող բեռների ուղեկցող փաստաթղթերում վերջնական նպատակակետն այլևս կնշվի Հայաստանը, այլ ոչ թե Վրաստանը, ինչպես նախկինում էր սովորություն։

Այնուհետև, Թուրքիան երկկողմ դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրություն է մշակել։ Այս փաստաթղթի ստորագրման պայմանը, սակայն, Թուրքիայի կողմից առաջադրված է ոչ ստանդարտ պահանջի տեսքով։ Ըստ պայմանագրի, այդ փաստաթղթի ստորագրմանը Թուրքիա պետք է մեկնի անձամբ ՀՀ իշխանության ղեկավար Նիկոլ Փաշինյանը։ Թեև նման փաստաթղթերը, որպես կանոն, ստորագրվում են արտաքին գործոց նախարարների մակարդակով, Թուրքիան, ըստ աղբյուրի, որոշել է մի ավելորդ անգամ «նվաստացնել» ՀՀ իշխանություններին։

Երրորդ պահանջը վերաբերում է երկաթուղու շինարարությանը։ Թուրքական կողմը պահանջել է, որ Հայաստանը շտապ կարգով սկսի երկաթուղու շինարարություն Երասխից մինչև ադրբեջանական սահման և Ախուրիկից մինչև թուրքական սահման հատվածներում։ Քանի որ Հայաստանի բյուջեում նման ֆինանսավորման համար միջոցներ չկան, Փաշինյանին առաջարկվել է այդ ծախսերը դնել Ռուսաստանի վրա՝ օգտվելով Հարավկովկասյան երկաթուղու կոնցեսիայի պայմանագրից, որը գործում է մինչև 2038 թվականը։

Այս հարցի շուրջ բանակցությունները, ըստ աղբյուրի, օրեր առաջ Փաշինյանի Ռուսաստան մեկնելու հիմնական պատճառն էին։ Փաշինյանը, ըստ տեղեկությունների, հաջողվել է համոզել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, որ այդ հատվածները կառուցվեն Ռուսաստանի միջոցների հաշվին։ Բնականաբար, Ռուսաստանն էլ իր հակընդդեմ պահանջները կամ պայմանները ներկայացրել է, և թերևս ստացել է Փաշինյանի համաձայնությունը։