Սիրելի՛ հավատավոր և բարեպաշտ ժողովուրդ Շիրակի թեմի,
Այս օրերին, երբ համայն աշխարհը պատրաստվում է ծննդյան ուրախությունն ի հայտ բերելու, ես, ձեր առաջնորդը, ցանկանում եմ ձեզ ուղղել իմ ամանորյա և Սուրբծննդյան բարեմաղթանքները։
Հանգամանքների բերումով ես հեռու եմ ձեզնից, բայց իմ սիրտը, մտքերը և աղոթքները միշտ ձեր հետ են։ Թեև ֆիզիկական սահմանները մեզ բաժանում են, իմ հայրական սերը և օրհնանքը ձեզ հասնում են անխափան։
Այս տարին, որը շուտով կմնա անցյալում, իր հետ կտանի իր դժվարությունները, փորձությունները և տխուր հետքերը։ Բայց մի մոռացե՛ք, որ ամեն անցողիկի դեմ կանգնած է միակ ճշմարիտ թագավորը՝ Տեր Աստված։ Նրա սիրո և լույսի առանց մեր հոգիները, ընտանեկան հարկերը և մեր ճամփեզրերը խավար են։
Այսպիսով, մենք աղոթում ենք Ամենակարող Աստծուն, որ անցնող տարվա հետ անցյալ դառնան մեր բոլոր դժվարությունները։ Թող նորոգ սրտով և հավատով դիմավորենք Նոր տարին՝ 2026 թվականը, որը ես խորհորդում եմ ցանկալու ոչ թե նոր բաներ, այլ ապրելու ծրագրված բաները՝ Տիրոջ սերը մեր կյանքում ամրագրելով և ապագայի հանդեպ հավատով, վստահությամբ ու լավատեսությամբ մուտք գործելով։
Մեր ամանորյա աղոթքով հայցենք Տիրոջից խաղաղություն՝ մեր հայրենիքի համար, զորություն՝ հայոց բանակի համար և ամրություն՝ մեր ընտանիքների համար։ Թող բարիքների Արարիչ Աստված միշտ զորավիգ մնա և Իր Սուրբ Աջի հովանու ներքո պահի Հայաստանն ու հայ ժողովրդին։
Սիրելի՛ հավատավորներ, տարեմտի ձեր աղոթքներում հիշեք նաև ինձ, որպես ձեր մշտարթուն աղոթարարի։ Թող Նորածին Մանկան շնորհաբաշխ լույսը ճառագի մութ ու խավար ճանապարներին, Ամանորի հրաշքով բացվեն բոլոր փակ դռները, և Քրիստոսի առաջնորդությամբ կրկին ի մի գանք Ս. Յոթվիրաց մեր մայր եկեղեցու կամարների ներքո՝ Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության առատաբուխ շնորհներով զարդարուն, մեր աղոթքն առաքելով ի Բարձունս՝ հանուն Հայաստանյայց մեր Սուրբ Եկեղեցու և հայոց աշխարհի։
Թող բարեգութ Աստծո Սուրբ Աջի հովանու ներքո, Շիրակ աշխարհի և աշխարհասփյուռ հայության համար, գալիք տարին լինի նորանոր ձեռքբերումների ու նվաճումների տարի։ Թող հայ օջախների վրա իջնեն Սուրբ Ծննդյան լույսն ու խաղաղությունը՝ պարգևելով առավելագույն սեր, անսահման հավատք ու միություն։
Թող Ամենակալ Աստված ընդունի մեր աղոթքը և օրհնի ամենքիս այսօր և միշտ և հավիտյան։
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ, և սերն ու խաղաղությունը Փրկչի մերո Հիսուսի Քրիստոսի եղիցին ընդ ձեզ. ամեն։