Այս տոնական օրերին Երևանի վարչական շրջանները զբաղված են ոչ թե քաղաքի անվտանգության ապահովմամբ, այլ քաղաքացիներին և փոքր բիզնեսին տուգանելով։ Թեև հարյուրավոր երևանցիներ սայթաքում են չմաքրված մայթերի վրա, ստանում մարմնական վնասվածքներ, կոտրվածքներ և հայտնվում հիվանդանոցներում, Երևանի քաղաքապետարանը շարունակում է անտեսել իր հիմնական պարտականությունը՝ հանրային անվտանգ միջավայր ապահովելը։
Ո՞ւր է նայում Երևանի քաղաքապետարանը, երբ ողջ քաղաքը վերածվել է մեծ սահադաշտի։ Ո՞ւր են քաղաքային ծառայությունները, որոնք պարտավոր էին ապահովել համընդհանուր, համակարգված ու անվտանգ մաքրում, ոչ թե ընտրողական վերահսկողություն։
Ճիշտ է, համատիրություններն ու տնտեսվարողները ևս պարտավորություններ ունեն, բայց պատասխանատվության առյուծի բաժինը կրում է Քաղաքապետարանը։ Քանի որ խոսքը ոչ թե սովորական կարգապահական խախտման, այլ հանրային անվտանգության խնդրի մասին է։
Երբ քաղաքային իշխանությունը չի կարողանում կազմակերպել քաղաքը ձմռանը, երբ մայթերը վտանգավոր են տարեցների, երեխաների ու հաշմանդամություն ունեցող անձանց համար, տուգանքը դառնում է ոչ թե կարգապահության միջոց, այլ անգործության քողարկում։
Պարոնա՛յք պատասխանատուներ, քաղաքը չի կառավարում ծանուցումներով։ Քաղաքը կառավարվում է քաղաքական կամքով, հոգատարությամբ, աշխատանքով, արդյունավետ համակարգմամբ և պատասխանատվությամբ։ Երևանցիներից «մուռ» հանելու պրակտիկան շարունակվում է նոր տուգանքի տեսքով։
Այսպիսով, Երևանը շարունակում է մնալ սառույցի ու անպատասխանատու կառավարման մեջ, իսկ պատասխանատվությունը հրամցվում է տնտեսվարող քաղաքացուն։