Ամերիաբանկը միացել է ՖինԹեք Արմենիա ասոցիացիային՝ դառնալով ոլորտի առաջատար դերակատարի հիմնադիր անդամ

Ամերիաբանկը հայտարարել է իր միանալու մասին ՖինԹեք Արմենիա ասոցիացիային՝ դառնալով վերջինիս միացած առաջին բանկը։ Այս քայլը վերահաստատում է բանկի հանձնառությունը՝ աջակցելու ֆինանսատեխնոլոգիական ոլորտի զարգացմանը և ստեղծելու դինամիկ հարթակ՝ արագ զարգացող ֆինթեք ոլորտի և շարունակաբար փոխակերպվող բանկային համակարգի միջև։

ՖինԹեք Արմենիա ասոցիացիան նպատակ ունի դառնալ ոլորտի առաջատար դերակատար՝ խթանելու ֆինթեք փոխգործակցությունը, նորարարությունն ու փոխակերպումը Հայաստանում և դրանից դուրս։ Ասոցիացիան տեսլական ունի Երևանում ստեղծել համապարփակ ֆինթեք հաբ՝ միավորելով տեղական և միջազգային գործընկերներին։ Այն աշխատում է ֆինանսատեխնոլոգիական ոլորտի ապագան կերտելու ուղղությամբ՝ ներառելով վճարային համակարգերը, կապիտալի շուկաները, արհեստական բանականության կիրառությունը ֆինանսական ծառայություններում, բլոքչեյնը և թոքենիզացիան, ինչպես նաև ապահովագրական և բանկային ոլորտների փոխակերպումը։

Ամերիաբանկի ներկայացուցիչները նշում են, որ բանկի փորձառու ղեկավարությունը կներգրավվի ՖինԹեք Արմենիայի հիմնական ինստիտուցիոնալ աշխատանքային խմբերում, ինչպիսիք են Բանկային փոխակերպումը, Ստարտափներն ու Վենչուրները, ՀՀ Կենտրոնական բանկի Sandbox-ը և Կրթությունը։

Արմինե Ղազարյանը՝ Տաղանդների կառավարման և ծառայությունների գծով տնօրենը, նշել է․ «Որպես Հայաստանի տնտեսության հիմնական շարժիչ ուժերից մեկը՝ մենք շարունակաբար փոխակերպում ենք բանկային ոլորտը՝ համադրելով ֆինանսական փորձառությունը, առաջատար տեխնոլոգիաներն ու մարդակենտրոն արժեքները։ Մեր համագործակցությունը ՖինԹեք Արմենիայի հետ նպատակ ունի ձևավորել նոր գործընկերություններ, իրագործել համարձակ լուծումներ և առաջ մղել մեր առաքելությունը՝ բարելավելու մարդկանց կյանքի որակը»։

Սթեֆան Լուկասը՝ ՖինԹեք Արմենիայի հիմնադիրը և գլխավոր տնօրենը, իր հերթին նշել է, որ Ամերիաբանկի միացումը շրջադարձային իրադարձություն է ինչպես Հայաստանի, այնպես էլ միջազգային բանկային համակարգի ֆինթեք փոխակերպման մասնակիցների համար։ Նրա խոսքով՝ Ամերիաբանկի էկոհամակարգային լուծումները հանդես են գալիս որպես հարթակ, որը միավորում է տեխնոլոգիաները, նորարարությունը և ներդրումները՝ նպաստելով երկկողմանի զարգացմանը։

Ամերիաբանկը, որպես ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար հաստատություն, շարունակում է ներդնել և կատարելագործել շուկայում եզակի պրոդուկտներ, ծառայություններ և նորարարական հարթակներ՝ համապատասխանելու մարդկանց ֆինանսական և ոչ ֆինանսական կարիքներին։ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։