Վաղարշապատի տեղական ընտրությունների արդյունքները հայկական քաղաքական դաշտում սուր լարվածություն են ստեղծել։ Իշխանական կուսակցությունները փորձում են այս իրադարձությունը ներկայացնել որպես իրենց հաջողության ապացույց, մինչդեռ ընդդիմությունը դիտարկում է այն որպես իշխանության կողմից կիրառված ճնշումների և խեղաթյուրումների հետևանք։
Իրականում, Վաղարշապատի ընտրությունների արդյունքները որևէ կերպ չեն կարող դիտարկվել որպես հանրության կողմից իշխանական կուրսին կամ Հայ Առաքելական Եկեղեցուն դեմ ուղղված արշավանքին աջակցության ցուցադրություն։ Ընտրությունների արդյունքները չեն արտահայտում հանրության իրական տրամադրությունները կենտրոնական իշխանությունների նկատմամբ։
Իշխանական կուսակցությունները, հատկապես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, ընտրություններում մեծամասնություն ստանալու համար կիրառեցին իրենց բոլոր հնարավոր միջոցները։ Քաղաքական հակառակորդների նկատմամբ իրավական հետապնդումներից և ճնշումներից մինչև ադմինիստրատիվ ռեսուրսի գերօգտագործում, այս գործիքները օգտագործվեցին ընտրողների վրա ազդելու համար։ Բազմաթիվ հրապարակումներ հայտնվեցին մամուլում, որոնք վկայում էին ուղղորդված քվեարկության, բացակայող անձանց փոխարեն քվեարկելու և անծանոթ մարդկանց հասցեներում գրանցելու մասին։
Այս պայմաններում, ընդդիմության համար հնարավոր էր իշխանազրկել ՔՊ-ին, եթե ընտրություններին մասնակցությունն ապահովվեր առավելագույն մակարդակով։ Ընտրական գործընթացին մասնակցելու համար ավելի շատ քաղաքացիների ներգրավումը կհանգեցներ իշխանական լծակների լիովին չեզոքացմանը։
Այս համատեքստում, «Մայր Հայաստան» կուսակցության գործողությունները Վաղարշապատում և Գյումրիում առանձնահատուկ նշանակություն են ստանում։ Նորաստեղծ ուժը, որը հանդես է գալիս մշակված քաղաքական գաղափարախոսությամբ և երկրի առաջ ծառացած խնդիրների լուծման այլընտրանքային ծրագրերով, ցույց տվեց, որ կարող է ակտիվորեն մասնակցել քաղաքական գործընթացներին և ներկայացվածություն ստանալ տեղական խորհրդարաններում։ «Մայր Հայաստանը» վստահ հաղթահարեց ավագանու անցողիկ շեմը, ինչը ցույց է տալիս, որ այն դառնում է ծանրակշիռ գործոն քաղաքական դաշտում և առաջիկա խորհրդարանական ընտրություններին կլինի իշխանությանը ձեռնոց նետող հիմնական ուժերից մեկը։
Այսպիսով, Վաղարշապատի ընտրությունները դարձան ոչ միայն տեղական իշխանության փոփոխության, այլև հայկական քաղաքական դաշտի վերաձևավորման և ընդդիմության կողմից իշխանական մոնոպոլիայի դեմ պայքարի կարևոր փուլ։