Փետրվարի 16-ին ՀՀ առողջապահության նախարարության և Գեղարքունիքի մարզպետարանի կազմակերպած պաշտոնական միջոցառմանը Սևանի բժշկական կենտրոնի տնօրեն Արամ Նիկողոսյանի մասնակցությունը հարցեր է առաջացնում՝ կապված նրա իրավական կարգավիճակի հետ։
Ինչպես հայտնի է դարձել, փետրվարի 6-ին, ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեի պահանջով, նախարարի հրամանով կասեցվել է Արամ Նիկողոսյանի պաշտոնավարումը։ Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի տեղեկությունների՝ նրան մեղադրանք է առաջադրվել իրեն վստահված խոշոր չափերով գույքի հափշտակության և խմբի կազմում փաստաթղթեր կեղծելու հատկանիշներով։
Այնուամենայնիվ, փետրվարի 16-ին, երբ նրա լիազորությունները արդեն կասեցված էին, Նիկողոսյանը ներկայացել է Սևանի բժշկական կենտրոնում նոր համակարգչային շերտագրման (ԿՏ) կաբինետի բացման արարողությանը։ Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, փոխնախարարներ Լևոն Հակոբյանը և Արմեն Գասպարյանը, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, ինչպես նաև ոլորտի պատասխանատուներ և հյուրեր։ Բացման խոսքով հանդես է եկել հենց Արամ Նիկողոսյանը՝ ներկայացնելով ծրագրի կարևորությունը։
Այս իրադարձությունը հակասական է թվում, քանի որ քրեական գործով մեղադրյալի կարգավիճակ ունեցող և պաշտոնավարումը կասեցված անձը ներկայացել է որպես գործող տնօրեն և մասնակցել է պետական բարձր մակարդակի միջոցառմանը։
Հատկանշական է նաև այն հանգամանքը, որ Արամ Նիկողոսյանը համարվում է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի մտերիմ ընկերներից մեկը։ Սա լրացուցիչ հարցեր է առաջացնում՝ ինչու է մարզային իշխանությունը թույլ տվել կասեցված լիազորություններով տնօրենին մասնակցել պաշտոնական միջոցառմանը։
Այս իրավիճակի վերահսկողության պատասխանատուն ո՞վ է, և ինչպես է հնարավոր, որ կասեցված լիազորություններով տնօրենը շարունակում է իրականացնել պաշտոնական պարտականություններ, այդ հարցերը դեռևս առանց պատասխանի են մնում։